Երբ հասկանում ես, որ ժամանակը քո օգտին չի աշխատում, արժի՞ արդյոք ժամանակ ձգել: Սա փիլիսոփայական հարց է, որը կարող է տարբեր մեկնաբանություններ և մոտեցումներ ունենալ: Կա նաև այսպիսի հասկացություն՝ ժամանակ շահել: Ո՞վ է սովորաբար ժամանակ շահում: Նա, ով կարողանում է այդ ժամանակը ծառայեցնել իր շահերին և իր ցանկալի արդյունքին հասնել:
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ մտածում եմ, որ մենք ժամանակ շահող չենք, մենք ժամանակ ձգող ենք, կամ եթե կուզեք, ժամանակ գլորող: Կա նաև տարբերակ՝ ժամանակ սպանող: Չմտածեք, որ ժամանակից առաջ եմ ընկնում, ուղղակի կարծում եմ, որ ժամանակը հիմա մեր օգտին չի աշխատում:
Այս ամենը կարող եք համարել բառախաղ, կարող եք իմաստ գտնել այդ բառախաղի մեջ, կարող եք ժամանակի վատնում համարել: Գուցե ոմանք սկսեն մտածել, թե ի վերջո ի՞նչ պետք է անել, որ ժամանակը սկսի ի օգուտ մեզ աշխատել, կամ արդեն վաղուց գիտեն, ուղղակի չի ստացվում:
Կապ չունի՝ ո՛ր ժամային գոտում եք գտնվում, ժամանակ գտեք, մտածեք: Մինչ դուք մտածում եք, ժամացույցիս էլեմենտը նստել է, գնամ առնեմ, փոխեմ, որ ժամանակի զգացողությունը չկորցնեմ:
Ժամացույցը՝ հեչ, վաղ, թե ուշ, մի օր յուրաքանչյուրիս համար էլ ժամանակը կանգնելու է, թե մինչև այդ որ մեկս ինչպե՞ս կտնօրինենք մեր ժամանակը՝ ժամանակը ցույց կտա:
Արամ Աբաջյան